Շիրվանզադե Ալեքսանդր (Մովսիսյան Ալեքսանդր Մինասի, 7.4.1858,
Շամախի–7.8.1935, Կիսլովոդսկ, թաղված է Երևանում) ― հայ գրող, դրամատուրգ,
Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրող (1930), Անդրկովկասի կուլտուրայի
վաստակավոր գործիչ։Ծնվել է դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց
թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո
թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի
աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում,
զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի
պաշտոնով։Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային
հարցի և բանվորների դրության մասին։ 1883–ին «Մշակ»–ում տպագրվել է
Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում»
պատմվածքը, ապա՝ «Գործականարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա
մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։ 1884–ին
«Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը,
որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885–ին՝ գավառական քաղաքի կյանքը
ներկայացնող «Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891
թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է
տպագրել «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անց» (1890) նովելները,
«Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը։Շիրվանզադեի լավագույն
երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-ական թվականներին և 1905 թվականի
հեղափոխության նախօրեին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893
թվականին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ
մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և
բարոյական հակասությունները և գործունեությունը, 1896 թվականին՝
ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Ցավագարը» վիպակում
շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական
ողբերգության պատմությունը։
|